«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է Երևանի բակերում նախատեսվող հանդիպումների մասին։
Նրա խոսքով՝ չորեքշաբթի, հինգշաբթի օրերին կայցելի Երևանի «տարբեր բակեր», իսկ Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ կլինեն միայն երկուշաբթի։ Հինգշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու փոխարեն Գալստանյանը կայցելի Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց։
«Երկուշաբթի օրերին կհավաքվենք այստեղ, մնացած օրերին՝ ըստ նպատակահարմարության, հավանաբար չորեքշաբթի և հինգշաբթի, կլինենք Երևանի բակերում։ Ձեր տան դռները բաց պահեք»,- ասել է նա։
Հուլիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նորատուս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր շարժման մարտավարության փոփոխության և սեպտեմբերին նախատեսվող հավաքի մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։




































