Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրանք է առաջադրվել դեպքի օրը հերթապահած զինծառայողին, հայտնել է փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել և մեղադրանք է առաջադրվել նշված կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Մաթևոսյանին»,- Facebook-ի իր էջում գրել է նա։
Փաստաբանի ունեցած տվյալներով՝ հետապնդումը հարուցվել է երկու օր առաջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկմամբ)։
Նորիկյանը շեշտել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու «այս հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելուն, դեպքի իրական հանգամանքները ճշտելուն, ճշմարտությունը բացահայտելուն և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն»։
Փաստաբանը հավելել է, որ առաջիկա օրերին գործի ընթացքի վերաբերյալ մանրամասն դիրքորոշում կհայտնի։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանին և Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին: