Կոչ ենք անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների հրատապ հումանիտար կարիքների լուծմանը, նշվում է Տոկիոյում ընթացող «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով»,- շեշտում են հայտարարության մեջ:
ԱԳՆ ղեկավարներն ընդգծում են աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը` հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։
Նոյեմբերի 7-ին Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանը «դեռ չի վերադարձրել 8 գյուղ Ադրբեջանին»։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք»։




































