Դուբայ-Երևան չվերթով ժամանած քաղաքացին փորձել է առանց հայտարարագրման ՀՀ ներմուծել ադամանդանման քարեր և բրենդային հագուստ, հայտնում են ՊԵԿ-ից։
Մասնավորապես, ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
«Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով վերջինս ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում՝ հայտնաբերվել են 655 գրամ ադամանդանման քարեր` դասավորված պոլիէթիլենային 10 տարբեր փաթեթում` յուրաքանչյուրի վրա կարատի և հատի նշագրմամբ: Հսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև «Pierre Cardin» ապրանքատեսակի 20 կգ կանացի և տղամարդու հագուստ` կոշկեղեն, շապիկներ, պայուսակներ, սպորտային կոստյում և գուլպաներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և վարչական վարույթի փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ապահովելու համար: