Մահացած զինծառայողների ծնողները փակել են Երևանի Շենգավիթի դատարանի շենքի մոտ գտնվող փողոցը, որտեղ քննարկվում է Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունը։ Զոհված զինծառայողի մայրը, մայիսի 17-ին բերման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու կասկածանքով։ Ըստ ցուցարարներից մեկի՝ նախապես որոշվել էր փողոցը մեկ ժամով փակել։
«Եթե դատարանը վաղը (մայիսի 20-ին լրանում է Գայանե Հակոբյանի կալանավորման օրվանից 72 ժամը – խմբ.) բավարարի նրա կալանքի միջնորդությունը, մենք այստեղից չենք հեռանա»,- ասաց նա։ Նա ասաց նաև, որ, ի հեճուկս բոլոր համոզումների, Հակոբյանը շարունակում է նախօրեին հայտարարված հացադուլը։
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» թերթը գրել էր Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի մասին՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը։ Ավելի ուշ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց, որ վարչությունը հաղորդագրություն է ստացել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձի մասին։ Armenia Today-ի աղբյուրը մանրամասնեց, որ այս առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։
Մելիքյանը պարզաբանեց, որ իրավապահ մարմինները չորս հոգու բերման են ենթարկել, սակայն բացի Հակոբյանից բոլորն ազատ են արձակվել։ Նույն օրը Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժը ութ տարի ազատազրկումն է։