Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը, հայտարարել են Արցախի ԱԺ խմբակցությունները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը:
Արցախում անընդունելի են համարել նաև ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։
«Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.
- Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։
- Աշխարհասփյուռ հայությանը` հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 130 օր գտնվում է շրջափակման մեջ, համախումբ և վճռական ջանքերով, ամենայն գնով կյանքի կոչել մեր համազգային ներուժը՝ սատար կանգնելով մեր ժողովրդի աննահանջ պայքարին։
- Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի անվտանգությունը:
- Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով և դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները»,-նշվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը «պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեքորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի տարածք», – ասել է վարչապետը: