ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Այս մասին հայտնել է ՊՆ-ն:
Նշվում է, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ:
«Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ չփոխանցել զինվորներին»,- ասված է հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ զինծառայողների հեռախոսները վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո: