Կանադայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կրկին բացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ ցանկացած հնարավոր հումանիտար հետևանքներից խուսափելու համար», – նշված է գերատեսչության Twitter – յան էջում։
Կանադան նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին «շարունակել բանակցությունները խաղաղ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու համար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։