Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավարակից հետո նոր էին սկսել վերականգնվել, նոր ցնցումների են ենթարկվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը ողջույնի իր խոսքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարցականի տակ են հայտնվել համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։ Ներկայիս անկայուն տնտեսական իրողություններում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում բարձր մակարդակում պարբերաբար երկխոսության պահանջարկը և արդիականությունը՝ ավելի համակարգված և կոորդինացված փոխգործակցության համար։ Շահերի փոխըմբռնումը, փոխզիջման և համագործակցության պատրաստակամությունը կարող է լինել շատ հարցերի լուծման բանալին։ Այս կոնտեքստում բառիս բուն իմաստով կնշեմ ԵԱՏՄ շրջանակներում ամենօրյա աշխատանքը՝ բոլոր մակարդակներում ծագող խնդիրներին արձագանքելու և համակարգված միջոցներ մշակելու առումով»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: