Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից օգոստոսի 17-ից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։





































