Մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին գտնվող ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը հայրենիքում է՝ ոչ միայն ծանոթանալու իր նախաձեռնությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին, այլև ստանալու երկար սպասված ՀՀ անձնագիրը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթը ստացել է ՀՀ քաղաքացիություն։
«Մեկ տարի առաջ էի դիմել, անհամբեր սպասում էի այս օրվան։ Ինձ ասացին, որ անձնագիրը ստանալու համար պետք է անձամբ ներկայանամ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն։ Ահա ես այստեղ եմ՝ վերցնելու իմ անձնագիրը, ինչը շատ ուրախալի ու կարևոր իրադարձություն է ինձ համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աննա Աստվածատուրյանը։
Աննան Հայաստանում է՝ նաև ծանոթանալու «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև տեղեկանալու, թե Հայաստանում ու Արցախում ինչ ուղղություններով աջակցության ծրագրերի կարիք կա։ Այդ նպատակով նրա այցելությունների ծրագրում են Թալին, Գյումրի, Խնձորեսկ, Գորիս համայնքները, ինչպես նաև Արցախը։ Ընթացիկ տարվա հունիսի 1-ին Արցախում մեկնարկել է հիմնադրամի «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը: Այն իրականություն է դարձել Սփյուռքում և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների ջանքերով: Ծրագրի շրջանակում Արցախում արդեն շուրջ 200 նորածնի ընտանիքի տրամադրվել է նվեր-արկղ։
Առաջիկա օրերին Արցախ սպասվող այցի շրջանակում Աննան առաջինը նախատեսում է տեսակցել փոքրիկներին, նրանց ծնողներին։ Այնուհետև սպասվում են հանդիպումներ տեղի պաշտոնյաների հետ։ Աննան ընդգծում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որ ուղղություններով են անհրաժեշտ աջակցության ծրագրերը։
Անդրադառնալով Արցախում սպասվող հանդիպումներին՝ Աննա Աստվածատուրյանը նշեց, որ այն կարևոր է տեղեկություն հավաքագրելու տեսանկյունից։ Աննան նկատել է, որ սփյուռքում Արցախի հետ կապված ինֆորմացիայի պակաս կա։ Գրեթե չկա տեղեկություն, թե ինչ է կատարվում Արցախում, չեն հասկանում, թե ինչ է լինելու հետո։
Հարցին, թե նման դժվարությունների միջով անցած Աննան ի՞նչ ուղերձ է փոխանցում Արցախի բնակիչներին, բնակավայրերը կորցրած, փախստական դարձած, պատերազմի միջով անցած արցախցիներին, պատասխանեց.
«Փոխանցում եմ ամենակարևորը՝ ցանկացած պարագայում միմյանց օգնել։ Մենք Հայաստանում մտածում ենք, որ դրսում ինչ-որ մեկը կտեսնի, կհասկանա մեր ցավը և կօգնի։ Իմ ուղերձն այն է, որ մենք՝ ինքներս, պետք է այդ ճանապարհը գտնենք՝ օգնելով միմյանց։ Ինձ համար շատ կարևոր է նրանց հետ շփումը։ Արցախն ու արցախցիներն ինձ համար ոգեշնչման աղբյուր են։ Ես երբ գնում եմ Արցախ, մեծ էներգիա եմ ստանում, նոր գաղափարներ են առաջանում։ Հիմա կարևոր է, որ «Սեր Արցախ» ծրագրի շարունակությունն ապահովենք։ Որքան շատ մարդ տեղյակ լինի ծրագրից, այնքան շատ աջակցողներ կգտնվեն»։