Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր՝ հուլիսի 4-ին, մեկնաբանություն է տարածել Հայաստանում իր դեսպանատունը բացելու Կանադայի կառավարության ծրագրերի վերաբերյալ:
«Ուշադրություն ենք դարձրել Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Տարակուսանք է առաջացնում, որ այդ քայլը, ըստ ԶԼՄ-ների, Կանադայի ԱԳՆ-ն բացահայտորեն ներկայացվել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Զարմացնում է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը», — նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
«Հենց նման ամբարտավան ու երբեմն արոգանտ վերաբերմունքը մյուս երկրների ու ժողովուրդների նկատմամբ է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում», – ուշադրություն են դարձրել ՌԴ դիվանագետները:
Երևանում դեսպանատան բացման մասին նախորդ շաբաթ հայտնել էր Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
«Դա թույլ կտա ամրապնդել կապերը մեր երկրների միջև և ավելացնել Կանադայի կողմից Հայաստանին տրվող աջակցությունը։ Քանի որ կայունությունն ու անվտանգությունն ապահովող կանոնները մարտահրավերների առջև են կանգնած, Կանադան կաշխատի ողջ աշխարհում խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ», – գրել է Կանադայի դիվանագիտության ղեկավարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Երևանում Կանադայի դեսպանատունը կդառնա հյուսիսամերիկյան երկրի առաջին ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունը Հարավային Կովկասում: