Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն հունիսի 24-ին կայանալիք Ural Music Night՝ Ուրալի ամենամեծ երաժշտական փառատոնին։ Այս մասին TACC-ին ասել է փառատոնի գործադիր տնօրեն Գրիգորի Կոլմոգորովը։
Նրա խոսքով՝ շուրջ 7000 երաժիշտներից ստացվել է ավելի քան 2000 հայտ։ Երաժիշտների ընտրության արդյունքները հայտնի կդառնան ապրիլի վերջին։
«Փառատոնի հայտերի ընդունումն ավարտվել է։ Նրանց ընդհանուր թիվը 2120 է: Ամենաշատ դիմումները, ինչպես և սպասվում էր, եղել են Ռուսաստանից, մյուս պոտենցիալ մասնակիցները բնակվում են Հայաստանում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Չեխիայում և Շվեդիայում»,- ասել է Կոլմոգորովը։
Ural Music Night-ը Եկատերինբուրգում անցկացվում է 2015 թվականից, այն Ռուսաստանում ամենամեծ մեկօրյա երաժշտական փառատոնն է։ 2021 թվականին փառատոնը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին։ Ավանդաբար, Ural Music Night-ին ներկայացվում են երաժշտության գրեթե բոլոր ոլորտները՝ դասական, ջազ, ֆանկ, էթնիկ և ֆոլք, ռոք, փոփ երաժշտություն, մետալ և անգամ քաղաքային շանսոն: