ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց սահմանել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին` սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար 144 հազար դրամ:
Այս կարգով միայնակ կենսաթոշակառու է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տան կացարանում պայմանագրային հիմունքով բնակվող միայնակ կենսաթոշակառուն, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը, կամ միայն կենսաթոշակառուներից, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձանցից բաղկացած ընտանիքը, այդ թվում նաև՝ եթե իր(ենց) խնամքին ունի(են) անչափահաս երեխա(ներ)։
ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ:
Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են ՀՀ օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՕԱԿ-ի հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ «Նռնենի» սոցիալական տունը և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերը։
Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ՝ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:
Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները՝ կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և՛ ապրելու, և՛ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, և պարբերաբար խնդիրներ են առաջացնում սոցիալական տների ղեկավարների համար:
Նախագծով փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2020 թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է տարվա ընթացքում փոփոխվի): Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը)՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազար դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազար դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10 մլն 656 հազար դրամ:
Սոցիալական տան միայնակ բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:



































