Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ժամը 17:00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ն հայտնել է, որ արձանագրվել է 19 դեպք՝ կապված կրկնաքվեարկության հետ, 15 դեպք՝ քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման, 2 դեպք՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև մեկական դեպք՝ ենթադրյալ ընտրակաշառք տալու և ընտրատեղամասում սառը զենք կրելու վերաբերյալ։ Այս դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախարարությունից հավելել են, որ շարունակվում է նաև ընտրությունների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրությունը։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում է ներկայացրել 1650 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 916 քաղաքացի։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)


































