«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ չի ակնկալում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի բավարարումը, սակայն կարևոր է համարում հասնել նրա հայտարարությունների իրավական գնահատականին։
Այս մասին նա հայտնել է Armenia Today-ին տված հարցազրույցում՝ «իշխանության զավթման փորձի» գործով դատական նիստից հետո։
«Մենք նախապես արդեն որևէ դատական գործընթաց նախաձեռնելով, որևէ վարույթ, որևէ հայցադիմում կատարելով, մենք ակնկալիք չունենք, որ բավարարվելու է։ Պարզապես մեզ համար կարևոր է այդ արձանագրումը, որ մենք պատրաստ չենք, նույնիսկ այս պայմաններում պատրաստ չենք ընդունելու այն խաղականոնները, որ իրենք թելադրում են կամ պարտադրում են մեզ։ Այդ մարդը պետք է պատասխան տա իր ասածների համար, բոլոր ասածների համար, գոնե այս փուլում, հաջորդ փուլում արածների համար էլ։ Չի կարող մեր երկրում այսքան անպատասխանատու խաժամուժ լինել», - ասել է Բագրատ սրբազանը։
Փաշինյանի դեմ հայցով Բագրատ սրբազանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հունիսի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, թե «ՔՊ-ն ստացել է 100%-ով օրգանիկ քվե», իսկ մյուս ուժերի օգտին «առանց փողի ոչ մեկը չի քվեարկել»։
Հայցի համաձայն՝ Գալստանյանը պահանջում է, որ հերքումը հրապարակվի կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլում։ Նա, ըստ հայցի, նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել 49,7 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և նախապես վճարված պետական տուրքի գումարը։





































