Դատարանը տնային կալանքի տակ է թողել 9-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին՝ մերժելով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։
Միևնույն ժամանակ դատարանը թույլատրել է Սարգսյանին մասնակցել օգոստոսի 2-ին կայանալիք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին։ Խորհրդարան նրան կտեղափոխեն ուղեկցորդների հսկողությամբ։
Դատարանն անհիմն է համարել պաշտպանության փաստարկները և Սարգսյանին տնային կալանքից ազատելու հիմքեր չի տեսել։ Խափանման միջոցի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։
Դատարանը նաև չի ընդունել պաշտպանական կողմի այն փաստարկը, որ հուլիսի 21-ից Սարգսյանն ունի պատգամավորի կարգավիճակ, հետևաբար նրա ազատությունը կարող է սահմանափակվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։
Բացի այդ, դատարանը նշել է, որ փաստաբան Արամ Վարդևանյանի վկայակոչած նախադեպային որոշումը նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործով չի կարող կիրառվել տվյալ դեպքում, քանի որ երկու գործերի հանգամանքները, դատարանի գնահատմամբ, համարժեք չեն։
Ավելի վաղ փաստաբան Վարդևանյանը դիմել էր դատարան՝ Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելու միջնորդությամբ։ Փաստաբանը շեշտել էր, որ Սարգսյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է և ընտրվել է 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, հետևաբար նրա ազատության սահմանափակումը հնարավոր է միայն ԱԺ-ի համաձայնությամբ։
Դատախազն անհիմն է համարել միջնորդությունը և խնդրել դատարանին մերժել այն։
Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ 9-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի։
Սարգսյանը որպես մեղադրյալ է անցնում ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման փորձի գործով, որով անցնում են նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ևս 15 անձ։






































