Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նրա երկու համածառայակից, հայտնել են Քննչական կոմիտեից։
Գերատեսչության տվյալներով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի (քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, առավելագույն պատիժը 12 տարի) և շարքային զինծառայողի (նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, առավելագույն պատիժը 12 տարի) նկատմամբ։ Երկուսն էլ մեղադրվում են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։
Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Ն․Թ․-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թորոսյանի գործով երկու ձերբակալվածի մասին ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը։ Նախնական տվյալներով, ըստ թերթի, զինվորին ծեծի են ենթարկել, որից հետո նա ինքնասպանություն է գործել։






































