«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քրեական հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։
Հայտարարությունը հնչել է, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
«Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելն արդեն իսկ հանցագործություն է և, ընդհանրապես, կարիք չկա խորանալու, թե ինչում քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելն այսօր արդեն իսկ հանցագործություն է համարվում»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ճնշումներն ու քրեական գործերը չեն կանգնեցնի իր թիմին։ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ է ազատազրկման:
«Մենք պատրաստ ենք բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել և հիմա էլ ենք պատրաստ, և մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ․ ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում»,- ասել է նա։
Կարապետյանը նաև վստահություն է հայտնել, որ ապագայում Հայաստանում քրեական գործերը չեն օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար, իսկ ուժային կառույցները կզբաղվեն հասարակական անվտանգության ապահովմամբ և հանցավորության դեմ պայքարով։
Նա հավելել է, որ սա տարածաշրջանային մեծ զարգացման մի մասն է, որի հիմնական նպատակները բոլորովին այլ են։
Կարապետյանին մեղադրում են հավաք անցկացնելուն խոչընդոտելու կամ մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն վերադարձրել էր Գլխավոր դատախազության՝ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։ Պաշտպանական կողմն անընդունելի է համարել ԿԸՀ-ի ավելի վաղ կայացրած որոշումը, որով համաձայնություն էր տրվել Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելուն։





































