Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով պաշտոնական գանգատ է ներկայացրել։
Նա նշել է, որ Վարդանյանը չի բողոքարկել Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը՝ համարելով դատավարությունը կանխորոշված, և որոշել է արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով։
Վարդանյանի վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված գանգատում, Սահակյանի խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածի խախտումների մասին պահանջներն ու հիմնավորումներն են։
Հուլիսի 10-ին Սահակյանը հայտնել էր, որ Վարդանյանի դատավճիռն ստանալուց հետո պատրաստվում են դիմել ՄԻԵԴ՝ ցույց տալու, որ նրան վերագրվող մեղադրանքը քաղաքական է, և Վարդանյանի կողմից երբևէ որևէ հանցավոր արարք չի իրականացվել:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Վարդանյանին շինծու մեղադրանքով 20 տարվա ազատազրկման էին դատապարտել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո ոչ մի միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին։




































