Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն ապահովում էր Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ՝ հայտարարելով, որ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել և իրենց խնդիրները ցանկանում են ներկայացնել ավելի բարձրաստիճան պաշտոնյայի։
Նրանք պահանջել են լսել բարձրաձայնած խնդիրների մասին և տրամադրել ֆինանսական աջակցություն։ Բացի այդ նրանք պահանջել են հետաձգել ջրերի կրճատման գործընթացը մինչև ֆինասական աջակցության տրամադրումը և հարցի կարգավորումը։
Ակցիայի մասնակիցները առաջարկել են փոխվարչապետի մոտ ուղարկել ոլորտի մի քանի ներկայացուցչի՝ 1-2 լրատվամիջոցի առցանց հեռարձակման պայմանով։
«Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանի պնդմամբ՝ Կառավարության առաջարկած ներկայիս երկու ծրագրերն անիրատեսական են և որևէ արդյունք չեն տալու, քանի որ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից հետո հայտարարված եվրոպական շուկան տնտեսվարողների համար մնում է անհասանելի, իսկ 15 000 տոննա կենդանի ձկան պահպանումը հսկայական ծախսեր է պահանջում։
«Մենք ուզում ենք մի քանի օրում ամբողջ շուկան արտահանել Եվրոպա՞։ Մենք դեմ չենք, բայց մենք կենդանի օրգանիզմի հետ գործ ունենք, դա պահպանման ծախսեր է ենթադրում։ Ուզում են հանրությանը ցույց տալ, որ ոլորտի հետ կապված հարց են լուծում»,- նշել է Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ ռուսական շուկան ձևավորվել է ավելի քան 30 տարի, և արտահանումը մի քանի ամսում դեպի Եվրոպա վերաուղղորդելն անհնար է։ Միևնույն ժամանակ, ձկնաբույծները ողջունում են եվրոպական շուկա դուրս գալը, սակայն ընդգծում են, որ դրա համար անհրաժեշտ է գրանցել ձեռնարկությունները, անցնել բոլոր ընթացակարգերը, ուսումնասիրել պահանջարկն ու ձևավորել սպառման շուկաներ։
«Էնպես չի, որ այստեղից մեքենաները հասնում են Եվրոպա, եվրոպացիներն էլ արդեն նստած , սպասում են հայկական ձկանը»,- նշեց նա։
Միության ղեկավարի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ խոստացել էր մինչև արտահանման վերականգնումը տնտեսությունների աջակցության ծրագիր մշակել, սակայն շուրջ երկու ամիս անց համապատասխան նախագիծ այդպես էլ չի ներկայացվել։ Բացի այդ, դեռևս 2025 թվականին եվրոպական TRACES համակարգում գրանցման հայտ ներկայացրած որոշ ձեռնարկություններ մինչ օրս չեն անցել գրանցումն ու ստուգումները։

Նրա տվյալներով՝ Հայաստանում գործում է ավելի քան 100 ձկնաբուծական տնտեսություն, սակայն արտահանմամբ զբաղվում է առավելագույնը 10 ընկերություն։ Մնացած արտադրողները կախված են այդ ձեռնարկությունների՝ արտադրանքն արտերկիր մատակարարելու հնարավորությունից։
Ակցիային մասնակցող տնտեսավարողների խոսքով, որոնք չեն ցանկացել ներկայանալ՝ ոլորտի ընկերությունները կանգնած են լուրջ ֆինանսական և լոգիստիկ խնդիրների առջև։ Նախկինում շուկաների 30%, ապա 40%-ով կրճատումից հետո այժմ իրենց առջև փակվել են հիմնական սպառման ուղղությունները։ Նրանց պնդմամբ՝ տեղական շուկան միայն 10%-ով կարող է սպառել առկա պաշարները։

«Մեզ 30 տարի այլ ուղղությամբ են տանել, հիմա մեկ օրում ասում են՝ գնացեք Եվրոպայում մրցումների։ Դրա համար տարիներ են պետք, որպեսզի վերապրոֆիլավորվենք»,- ընդգծել է նա։
Բոլոր տնտեսավարողների խոսքով՝ կառավարությունն ինքն է հորդորել զարգացել բուծումն ու ավելի մեծ արտադրանք ստեղծել, քանի որ իրենց վրա ի սկզբանե դրվել է որոշակի չափաբաժին արտադրել՝ շուկայի պահանջներին բավարարելու համար։
«20 տարի առաջ երազանք էր, որ ՀՀ-ն 1000 տոննա ձուկ ունենա, մենք ինքնաբաց ենք 10-12 000-ով, նույնքան էլ արտահանում ենք։ Դա մեր կազմակերպվածության շնորհքն է»,-նշել է տնտեսավարողներից մեկը։
Սակայն արտահանման այս իրավիճակում այդ ապրանքը մնացել է իրենց վրա, այն իրացնելու հնարավորություն չկա, ինչի լուծումը պարտավոր է տալ կառավարությունը։

«Երրորդ ամիսն է մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած ու միայն խոսքեր ենք լսում, գալիս են, ձգում են, մի շաբաթ անցնում է, բայց հենց տեսնում ենք գազերը հավաքվել՝ բա մի հատ հանդիպենք, խոսենք։ Էլի խոսում ենք, էլի մի շաբաթ ձգում են»,- պատմել է նա։
Արձագանքելով ձկնաբուծարանների կողմից ջրի օգտագործման վերաբերյալ քննադատություններին՝ գործարարը պարզաբանել է, որ իրենց տնտեսություններում օգտագործվում են բնական ճանապարհով՝ անձրևաջրերից գոյացող ջրային ռեսուրսները, որոնք նախկինում որևէ տնտեսական արժեք չեն ստեղծել։
«Այդ անձրևաջրերը միլիոնավոր տարիներ եկել-գնացել են, ոչ մի աշխատատեղ չեն բացել, ոչ մի արժեք չեն ստեղծել։ Իսկ ես միայն անցած տարի գյուղատնտեսության մեջ այդ ջրերի շնորհիվ 2 միլիոն դոլարի հարկ եմ վճարել այս պետությանը։ Չհասկանալով՝ ելնում ու խոսում են, թե սա իրենց ջուրն է»,- նշել է նա,
Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծել է, որ կառավարությունը շատ դանդաղ է գործում, լուրջ մոտեցում է անհրաժեշտ։
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կառավարությունից առաջրկել են մոտենալ նամակների ընդունման բաժնի պատասխանատուին, սակայն ձկնաբույծները մերժել են, քանի որ նախորդիվ արդեն նրա հետ հանդիպման անհաջող փորձ ունեցել էին։ Նրանք հետագա քայլերի մասին առայժմ ոչինչ չտեղեկացրեցին
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ առանց սուբսիդավորվող վարկերի, բանկերի հետ համագործակցության և պետական համալիր աջակցության հայկական ձուկը չի կարող մրցունակ լինել եվրոպական շուկայում։
«Մենք անգամ ռուսական շուկայում ենք դժվար մրցակցում։ Եվրամիությունում ինչպե՞ս ենք մրցելու»,- հայտարարել է ձկնաբույծներից մեկը։
Ռուսաստանը հունիսի 26-ին ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումները։ «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշումը հիմնավորել է բացահայտված համակարգային խախտումներով և մինչև դրանց վերացումն ու հաստատող նյութերի ներկայացումը կասեցրել է արտադրանքի հավաստագրումը։
Կառավարությունը հուլիսի 16-ին հաստատել է հայկական ձկան՝ Եվրամիություն արտահանման կանոնները։ Հայաստանը դեռևս 2025 թվականի մարտին պաշտոնական թույլտվություն էր ստացել ԵՄ երկրներ արտահանելու ակվակուլտուրայի արտադրանք՝ թեփուկավոր ձուկ և դրանից պատրաստված արտադրանք։ Արտահանման իրավունք ստանալու համար ընկերությունները պետք է գրանցված լինեն TRACES համակարգում։





































