Ռուսաստանում երկարաժամկետ բնակվելու կամ աշխատելու նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կարող են պարտավորեցնել ձեռք բերել միգրանտի էլեկտրոնային պրոֆիլով բջջային հեռախոս, հայտարարել է ՌԴ ներքին գործերի պետքարտուղար, նախարարի տեղակալ Իգոր Զուբովը։
Նրա խոսքով՝ հեռախոսը կդառնա օտարերկրյա քաղաքացիների՝ երկրում գտնվելու վերահսկման համակարգի մաս։ Էլեկտրոնային պրոֆիլի միջոցով ՆԳՆ-ն կկարողանա հետևել միգրանտների գտնվելու վայրին և վերահսկել նրանց բնակության վայրի փոփոխությունը։
«Նրանք չեն կարողանա առանց վերահսկողության մի բնակավայրից մյուսը տեղափոխվել կամ փոխել գտնվելու վայրը։ Սա կլինի համակարգի հիմքը»,- նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ հեռախոսի միջոցով ՆԳՆ-ն կկարողանա նաև կապ պահպանել օտարերկրյա քաղաքացիների հետ միգրացիոն հաշվառման հարցերով՝ տեղեկացնելով փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտի կամ պետական մարմին դիմելու անհրաժեշտության մասին։
Հուլիսի 8-ին ՌԴ պետդուման ընդունել էր օրենք, որով խստացվել էին աշխատանքային միգրանտների նկատմամբ պահանջները։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացիները պետք է հաստատեն, որ ունեն բավարար եկամուտ՝ իրենց և ընտանիքի անդամներին պահելու համար։ Հակառակ դեպքում՝ կարող է չերկարաձգվել աշխատանքի արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը։
Վերջին ամիսներին Ռուսաստանի իշխանությունները հետևողականորեն խստացնում են միգրացիոն օրենսդրությունը՝ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանելով նոր պահանջներ բժշկական զննության, եկամուտների, փաստաթղթերի և պետական տուրքերի վերաբերյալ։
Մայիսին Hetq.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում աշխատելու նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է մոտ 30%-ով։






































