Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի քաղաքապետ Հայկ Շամիրյանի վերաբերյալ դատարանն արդարացման վերդիկտ է կայացրել, հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
Շամիրյանին ձերբակալել էին 2024-ի մայիսին՝ Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանական կողմը, սակայն, Շամիրյանի վերաբերյալ գործը քաղաքական է համարում։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տեղեկացրել էր, որ Շամիրյանին «մեղադրում են Արցախին գույքային վնաս պատճառելու մեջ»:
«Խոսքն Ասկերանի համայնքապետարանի հաշվեկշռում գրանցված 5 մլն 200 հազար դրամ արժողությամբ մեքենայի մասին է, որով Ասկերանի քաղաքապետը հանձնվող Արցախից դուրս էր բերել ու Հայաստան հասցրել իր ու ևս 3 ընտանիքի»,- հայտնել էր Հայրապետյանը։
Նրա փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում այդ ժամանակ սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։
Շամիրյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանքը, այնուհետ՝ վարչական հսկողությունը, 2024-ի նոյեմբերին Քննչական կոմիտեն դադարեցրել էր նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը։






































