ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորները կոչ են արել վերանայել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ազատ արձակել նրան կալանքից։ Համատեղ հայտարարությունն ստորագրել է 13 խորհրդարանական, փաստաթղթի տեքստը Ֆեյսբուքում հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ կոչ անելով վերանայել Մանուկյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և նրա նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։ Նրանց կարծիքով՝ խիստ վիճահարույց է նաև քրեական գործի հարուցման օրինական հիմքերի առկայությունը։
«Կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորներն ընդգծել են, որ խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել Մանուկյանի քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները։
Նրանք նաև կոչ են արել քրեական վարույթի ամբողջ ընթացքում ապահովել օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
Հայտարարության ավարտին հեղինակներն իրենց ամբողջական զորակցությունն են հայտնել Մանուկյանին և նրա ընտանիքին՝ շեշտելով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունն անկասելի արժեքներ են։
Հուլիսի 9-ին Մանուկյանին ձերբակալել էին, այնուհետ կալանավորել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակում։
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նույնպես գործողություններ էին սկսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից հետո։ ՔԿ-ն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, նա 2 ամսով կալանավորվել էր։





































