ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հրապարակային հայտարարություն տարածի Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների դադարեցման և նեղուցով ազատ նավարկության ապահովման մասին, Reuters-ին հայտնել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները։
Իրանը հրաժարվում է զիջել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ այն ռազմավարական ջրային ճանապարհի, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին օրերին երկու երկրների միջև ընթացող բանակցություններն արդյունավետ էին։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հայտարարի՝ նեղուցի բոլոր ուղիները բաց են, և այլևս նավերի ուղղությամբ կրակ չի բացվելու։
«Կա՛մ նրանք կանեն այդ հայտարարությունը, կա՛մ բանակցությունները նրանց համար հաջողությամբ չեն ավարտվի»,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Իրանը Վաշինգտոնին հայտնել է՝ նեղուցում նավերի վրա վերջին հարձակումները «համակարգի վերահսկողությունից դուրս գործող հատվածի» հետևանք էին։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Իրանը հայտարարի նավերի վրա կրակի դադարեցման մասին և ընդունի իր գործողությունների համար պատասխանատվությունը։
«Նախագահը մեզ հանձնարարել է շարունակել բանակցությունները, սակայն, ինչպես նա հայտարարել է, եթե նրանք շարունակեն կրակել նավերի վրա կամ իրականացնեն այլ թշնամական գործողություններ, մենք պատասխան հարված կհասցնենք»,- ասել է պաշտոնյան։
ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկը կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ։ Վաշինգտոնը պահանջում է փոխանցել Իրանի կողմից կուտակված հարստացված ուրանը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ Թեհրանն ունի ավելի քան 400 կգ բարձր հարստացված ուրան։
Ըստ նրանց՝ միջուկային հարցը պետք է կարգավորվի 60-օրյա բանակցությունների ընթացքում՝ հունիսին երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ Ավելի ուշ Իրանը հերքել էր ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին հայտարարությունները։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո ԻՀՊԿ-ն հարվածել էր Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։





































