Իսպանիայի հարավում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 23-ը համարվում է անհետ կորած, հայտնում է Reuters գործակալությունը։
Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Անտոնիո Սանսի խոսքով՝ զոհվածներից միայն մեկն է Իսպանիայի քաղաքացի: Մյուսները, ըստ նախնական տվյալների, օտարերկրացիներ են, որոնք չեն հետևել պատսպարվելու հրահանգներին։
Նրա խոսքով՝ մարդիկ փորձել են հեռանալ տարածքից մեքենաներով, սակայն հայտնվել են կրակի թակարդում։ Հրդեհը քամու պատճառով արագ տարածվել է Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս քաղաքի մերձակա անտառային գոտում։
Մեքենաներից մեկում հայտնաբերվել է 4 մարդու դի։ Ենթադրվում է, որ նրանք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։ Եվս 8 մարդու մարմին հայտնաբերվել է մեքենաներից դուրս․ ըստ նախնական տվյալների՝ նրանք փորձել են փախչել ոտքով՝ տարհանման ծրագրով չնախատեսված երթուղով։
Զոհերի ինքնությունը վերջնականապես պարզելու համար անհրաժեշտ կլինի ԴՆԹ հետազոտություն։
Անդալուսիայի կառավարության ղեկավար Խուան Մանուել Մորենոն նշել է, որ սա տարածաշրջանում երբևէ գրանցված ամենաարագ տարածվող և բարդ հրդեհներից մեկն է։ Նրա խոսքով՝ անհետ կորածների թվում կարող են լինել նաև զբոսաշրջիկներ․ տարածքում հայտնաբերվել են արշավային հենակներ։
Իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ առաջիկայում սպասվում է քամու ուժգնացում։






































