Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), «Ազատությանը» հայտնել է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որն էլ անհրաժեշտ է Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար։ Սահակյանը տեղեկացրել է, որ այս պահին նախապատրաստական փուլում են, և շաբաթներ անց գործը մուտք կարվի դատարան։
«Վարդանյանի պարագայում մենք ցույց ենք տալու, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի»,-ընդգծել է իրավապաշտպանը:
Անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերին՝ իրավապաշտպանը նշել է, որ նրանց հետ կապված այս պահին հնարավոր չէ դիմել դատարան, քանի որ հնարավորություն չկա ծանոթանալու դատավճիռներին։
Ադրբեջանական կողմն ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում է տրամադրել այդ դատական ակտերը։ Այս առումով Սահակյանն ընդգծել է, որ այդ ձգձգումների պարագայում իրենք կպահանջեն, որպեսզի դատարանը մինչև օգոստոսի 31-ը միջանկյալ որոշում կայացնի՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով տրամադրել արցախցի գործիչների և մյուս գերիների դատավճիռները։
«Եթե ՄԻԵԴ-ին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ։ Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին»,- ընդգծել է Սահակյանը:
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հուլիսի 9-ին Բաքվի բանտից հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես միջազգային դատարաններ դիմելու դեմ փաստարկ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո միջազգային ոչ մի կառույց չի այցելել հայ գերիներին։






































