Նախորդ շաբաթ Հայաստան են ժամանել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ուսումնասիրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի տեղանքը։ Ուսումնասիրության նպատակը երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորումն է։
AECOM-ն ամերիկյան ճարտարագիտական, նախագծային և ենթակառուցվածքային խորհրդատվական խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է տրանսպորտային, երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ, ջրային և քաղաքաշինական նախագծերի նախագծման ու կառավարման մեջ։ AECOM-ի թիմը TRIPP-ի շրջանակում առաջին անգամ Հայաստան էր ժամանել մայիսին։
2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարների կողմից։ Հունիսին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը։
Կարդացեք նաև՝




































