Ստամբուլի Սկյուտար (Üsküdar) թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցուն կից հայկական գերեզմանատանը անհայտ անձը վնասել է վեց տապանաքար, հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը։
Ըստ պատրիարքության տվյալների՝ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը չարագործը ներխուժել է գերեզմանատան տարածք, վնասել վեց տապանաքար և ցայտաղբյուրը։
Քաղաքի իշխանությունները դիմել են իրավապահ մարմիններին։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, ընթանում է կասկածյալի որոնումը։
ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը դատապարտել է հարձակումը՝ այն որակելով որպես ոտնձգություն համայնքի համար սրբազան վայրերի նկատմամբ, և հույս հայտնել, որ մեղավորը կբացահայտվի ու կենթարկվի պատասխանատվության։






































