Ազգային ժողովը քննարկել է «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով՝ համաձայնագրով Հայաստանը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրում է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0,33 հա մակերեսով հողատարածք՝ Ղազախստանի դեսպանության շենքի և շինությունների կառուցման նպատակով։ Տարեկան վարձավճարը կկազմի 1 դրամ։
Փոխադարձության սկզբունքով Ղազախստանը Հայաստանի կողմին 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրում է Աստանայի Արգանատի փողոցում գտնվող նույն՝ 0,33 հա մակերեսով հողատարածքը՝ Հայաստանի դեսպանության շենքի և շինությունների կառուցման համար։ Այդ հողատարածքի տարեկան վարձավճարը սահմանվել է 1 տենգե։
Սաֆարյանը նշել է, որ հողատարածքներն ստացող կողմերը չեն կարող դրանք վաճառել, օտարել, ծանրաբեռնել, սեփականության իրավունքով փոխանցել կամ ենթավարձակալության հանձնել առանց ընդունող պետության հստակ գրավոր համաձայնության։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ հստակ սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է նախագծի դրական եզրակացությունը, որը նիստում ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը։





































