«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին։
Կարապետյանի խոսքով՝ Մալոյանն այն զինվորականն է, ով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հետ էր վերադարձրել հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի դիրքերը։ Դաշինքը հայտարարել է, որ գնդապետին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրելու ցանկության համար և հավելել, որ հպարտ է նման մարդկանցով ու միշտ լինելու է նրանց կողքին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հաստատել է, որ Մալոյանը ձերբակալվել է գերատեսչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Որոշ ժամանակ անց ՔԿ-ն հրապարակել է գործի մանրամասները՝ Մալոյանին մեղադրելով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակելու մեջ, ինչպես նաև նշել, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գնդապետին և գործով անցնող երկրորդ անձին կալանավորելու համար։
Ըստ քննչական մարմնի վարկածի՝ հանդիսանալով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիության թույլտվություն՝ Մալոյանը նույն զորամասի գաղտնիության ռեժիմի սպա Ռ. Ջ.-ին, ով ունեցել է համապատասխան թույլտվություն, դրդել էր հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, գնդապետն ինքն էր հրապարակել այդ տեղեկությունները։
Գնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող, ապօրինի ստացված տեղեկությունները հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակմանը դրդելը)։ Այս հոդվածներով նախատեսվում է պատիժ՝ ազատության սահմանափակումից (1-3 տարի ժամկետով) մինչև ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով։ Գործով երկրորդ անձին՝ Ռ. Ջ.-ին, մեղադրանք է առաջադրվել 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը), որի պատժաչափը նույնպես նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։



































