ԱՄՆ վարչակազմը պլանավորում է հաստատել կործանիչների տասնյակ շարժիչների վաճառքը Թուրքիային, որոնք արժեն հարյուր միլիոնավոր դոլար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ գործարքի հաստատումն սպասվում է առաջիկա օրերին՝ չնայած ԱՄՆ կոնգրեսի որոշ անդամների առարկություններին: Գործարքը վերաբերում է General Electric-ի շարժիչների վաճառքին, որոնց արժեքը գերազանցում է 700 մլն դոլարը: Շարժիչները կտեղադրվեն Թուրքիայում մշակվող KAAN կործանիչի վրա: Գործակալությունը շարժիչների վաճառքը հաստատելու Վաշինգտոնի որոշումը որակում է որպես «կարևոր ժեստ»՝ հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ:
Թուրքական հինգերորդ սերնդի կործանիչը՝ KAAN-ը, մշակվում է Turkish Aerospace Industries (TAI) ընկերության կողմից: Թուրքական իշխանությունները պլանավորում են, որ ինքնաթիռը փոխարինի ԱՄՆ-ում արտադրված F-16 կործանիչներին Թուրքիայի ռազմաօդային ուժերում: Նախատիպային կործանիչն իր առաջին թռիչքն իրականացրել էր 2024 թվականի փետրվարին:
2024 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ այս տեսակի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Մայիսին Թուրքիայի ռազմաօդային ուժերը պայմանագիր էին կնքել առաջին 20 KAAN կործանիչների մատակարարման համար:






































