ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները, որոնց օրակարգի առաջին հարցը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Լիբանանում հրադադարի հաստատումն է։
Բանակցությունները տեղի են ունենում շվեյցարական Բյուրգենշտոկում։
Իրանական ԶԼՄ-ները գրել են, որ այժմ ընթանում է Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում են Լիբանանում հրադադարի հաստատման և իրանական ակտիվների ապասառեցման հարցերը։
CNN-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջնահերթություններից է նաև Իրանի միջուկային ծրագրի հարցում առաջընթացի հասնելը։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ եթե Իսրայելը չսկսի պահպանել Լիբանանում հրադադարի ռեժիմը, այլ հարցերի շուրջ բանակցություններ չեն կայանա։
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը չդադարեցնի Լիբանանում գործող իրանամետ խմբավորումների գործունեությունը։
«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Լիբանանում իր լավ ֆինանսավորվող պրոքսիների գործողությունները։ Եթե դա տեղի չունենա, մենք կրկին շատ ուժեղ կհարվածենք Իրանին՝ նույնիսկ ավելի ուժեղ, քան անցյալ շաբաթ», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
80 րոպե անց ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը: IRIB-ի փոխանցմամբ, բանակցությունների դադարից հետո, Իրանի պատվիրակությունը երկկողմ խորհրդակցություններ է սկսել կատարական կողմի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։



















