Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը շարունակում է հաջող մրցելույթները Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի գրան պրիում և դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը կիսաեզրափակչում մրցել է անգլիացի Աչուշի Քլինթոնի հետ, որը մինչ այդ հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին։
Մենամարտի առաջին ռաունդում Չալոյանը 2։3 հաշվով զիջել է մրցակցին, սակայն երկրորդ ռաունդում կարողացել է բեկել պայքարի ընթացքը՝ հաղթելով 4։1 հաշվով։ Հայ բռնցքամարտիկն առավելություն է ունեցել նաև երրորդ ռաունդում՝ հաղթելով 5։0 հաշվով և ապահովելով տեղը եզրափակչում։
Վճռորոշ մենամարտում Չալոյանի մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Նարենդեր Նարենդերը։ Եզրափակիչը կկայանա հունիսի 20-ին։





































