Վանաձորում կորած երկու քույրերից մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն հինգերորդ օրը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
7 և 13 տարեկան քույրերի անհետացման մասին ահազանգն ստացվել էր հունիսի 15-ին։ Երկու օր անց՝ հունիսի 17-ին, Փամբակ գետում հայտնաբերվել էր 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Փամբակ գետում իրականացվող որոնողական գործողություններում ներգրավված են փրկարար ծառայության 167 աշխատակից, 90 ոստիկան, կամավորներ և ջրասուզակներ։ Աշխատանքներում կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր, նավակներ և տեխնիկական այլ միջոցներ։
Իշխանություններն ապամոնտաժել են նաև այն խողովակը, որով տեղի բնակիչներն անցնում էին Փամբակ գետի վրայով։ Նախնական տվյալներով՝ հենց այդ խողովակով էին քույրերն անհետացման օրը փորձել անցնել գետի մյուս ափ:





































