Դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեք ամսով երկարաձգել է իշխանության զավթման գործով մեղադրվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը, որի տակ նա գտնվում է հունիսի 4-ից։ Դատական նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Միաժամանակ դատարանը մեղմացրել է խափանման միջոցը՝ արքեպիսկոպոսին թույլատրելով ամեն կիրակի մեկնել Էջմիածին՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին։
Դատախազ Հայկ Հովհաննիսյանը պնդել է, որ Գալստանյանի ունեցած ազդեցությունը հասարակության մեջ ռիսկեր է ստեղծում, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Ի պատասխան՝ պաշտպանական կողմը հայտարարել է, թե «չի կարելի խոչընդոտել այն ամենին, ինչն անհայտ է»։ Փաստաբանների գնահատմամբ՝ տնային կալանքի երկարաձգումը խախտում է հավատացյալների իրավունքները, որոնք զրկված են արքեպիսկոպոսի հետ շփվելու հնարավորությունից։ Պաշտպանը նաև պահանջել է դադարեցնել Գալստանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն որակելով ապօրինի։
Գալստանյանն իր խոսքում նշել է, որ անհերքելի փաստ է իր և «Սրբազան պայքարի» գործով մյուս մեղադրյալների՝ ահաբեկիչներ չլինելը։
«Ես խնդրանք չունեմ․ ուզում եք՝ որոշեք հետ գնամ ԱԱԾ, Խոր Վիրապ, ինձ ոչինչ չի եղել, մենք ահաբեկիչ չենք։ Մենք հակաահաբեկիչներ ենք»,- ասել է Գալստանյանը և պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատ արձակումը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 25-ին՝ ժամը 14։30-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») ընդդիմադիր շարժման առաջնորդ Գալստանյանը ձերբակալվել էր 2025 թվականի ամռանը։ Քննչական կոմիտեն նրան և նրա մի շարք կողմնակիցներին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում ու ահաբեկչություն։ Բագրատ Սրբազանը և նրա կողմնակիցները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետապնդումը քաղաքական բնույթի է։




































