ՖԻՖԱ-ն հայտնել է, որ հունիսի 16-ին գրանցվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկ օրվա ամենաբարձր հաճախելիությունը, գրում է ՌԲԿ-ն։
Կազմակերպության տվյալներով՝ այդ օրը 2026 թվականի աշխարհի առաջնության հանդիպումներին ներկա էր շուրջ 281 000 հանդիսական, ինչը դարձել է համաշխարհային առաջնությունների պատմության լավագույն ցուցանիշը մեկ օրվա ընթացքում։
Ռեկորդը սահմանվել է մրցաշարի վեցերորդ օրը, երբ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացվել էին խմբային փուլի հանդիպումներ։ ՖԻՖԱ-ում այս արդյունքը բնութագրել են որպես «ապացույց, որ ֆուտբոլը միավորում է աշխարհը»՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին ստեղծած մթնոլորտի, գույների և զգացմունքների համար։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտնել էր, որ մրցաշարի առաջին հինգ օրերի ընթացքում (հունիսի 11-15) ընդհանուր հաճախելիությունը գերազանցել է 1 միլիոն հանդիսականը։ Այդ պատճառով հնարավոր է, որ շուտով գերազանցվի նաև աշխարհի առաջնությունների ընդհանուր հաճախելիության գործող ռեկորդը՝ 3,59 միլիոն հանդիսական, որը սահմանվել էր 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։
2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 ազգային հավաքականների մասնակցությամբ և 3 երկրի՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում։ Մրցաշարի ավարտը նախատեսված է հուլիսի 19-ին։






































