Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրհետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը։ Ուղիղ հեռարձակումը ԿԸՀ-ից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Այս պահին ԿԸՀ-ում քննում են նաև դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը, որին հունիսի 9-ին կալանավորել էին նախընտրական շրջանում անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթով։
ԿԸՀ-ում Ղազինյանի և Եղիազարյանի վերաբերյալ նիստերը դռնփակ են անցկացվում։ Ղազինյանը լրագրողներն հայտնել է, որ միջնորդել էր դռնբաց անցկացնել, սակայն ԿԸՀ-ն մերժել է իր դիմումը։
Ղազինյանը նիստից հետո տեղեկացրել է, որ դատախազությունը որևէ հիմնավորում չի ներկայացրել։ Նա գործընթացը քաղաքական է անվանել։
Ղազինյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ գնում է Քննչական կոմիտե և պատրաստ է յուրաքանչյուր սցենարի։
Ղազինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը կապում է իշխանությունների «վախերի» հետ՝ պայմանավորված ընդդիմության գործնով։ Նա չի բացառել իր կալանքը և հայտարարել է, որ ակնկալիքներ չունի իրավապահ մարմիններից։
Նա քրեական հետապնդման մեկնարկը կապել է իշխանությունների՝ իր քաղաքական ակտիվության վրա ազդելու փորձերի հետ։ Նպատակը, Ղազինյանի խոսքով, իրեն մեկուսացնելն է։
«Չգերագնահատելով իմ անձը՝ կարծում եմ, որ սա ուղղված է թե՛ իմ ակտիվության, թե՛ մեր քաղաքական ուժի դեմ։ Տարբեր ազդակներ արդեն ունենք, այնպես որ ինձ համար սա անակնկալ չէ»,- ասել է նա։
Նա նաև մեկնաբանել է գործի հիմքում ընկած գաղտնալսման արտահոսքի հատվածը, ըստ որի՝ զրույցի մասնակիցներից մեկն ասում է՝ «Ղազինյան Դավոն 1,4 մլն դրամ է փոխանցել Արման անունով անձի»։ Ղազինյանը հայտարարել է, որ որևէ գումար որևէ մեկին չի տվել։
Նրա շեշտել է՝ ձայնագրությունում իրավական առումով որևէ ապացույց չկա։
«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում ինչ է տվել։ Նույնիսկ տեսականորեն, եթե նման բան լիներ, ինչպե՞ս է ապացուցվում, որ դա ընտրակաշառք է»,- նշել է նա։
Հակակառուպցիոն կոմիտեն Ղազինյանին մեղադրում է ընտրողներին ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեջ, ինչի հիմքով էլ հունիսի 6-ին դիմել էր դատախազությանը՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։
Ավելի ուշ դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն բավարարել է Ղազինյանին ազատությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
Նրա փոխանցմամբ՝ Եղիազարյանի վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ն հետաձգել է։
Թարմացված է՝ 17.06.2026 | 15։47



































