Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման տեսանկյունից, հայտարարել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
Նշվում է, որ վերաքվեարկության չնշանակումը փաստացի խաթարում է խորհրդարանական մանդատների բաշխումը, ձևավորվող Ազգային ժողովի կազմը և ներկայացուցչականությունը։
Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և միջազգային ստանդարտների վկայակոչմանը՝ առաքելությունն ընդգծել է, որ ընտրական վարչարարության հիմքում չեն կարող դրվել միջազգային փաստաթղթերի հատվածական մեկնաբանությունները՝ անտեսելով դրանց հիմնարար սկզբունքները։
«Ականատեսը» նաև խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը:
«Թեև ԿԸՀ-ի կողմից կատարված այն պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ հանրապետական նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», և հետևաբար՝ վերաքվեարկություն չպետք է անցկացվի, բխեցվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, այնուամենայնիվ, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը 3 տեղամասում դատարանի որոշումը շրջանցելով վերաքվեարկություն չնշանակելը բացատրել էր «տակտիկական քվեարկության» ռիսկով։ Երեք տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանից դուրս է մնացել։
Ընդդիմությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները որակել է որպես կանխամտածված և մատնանշել հանձնաժողովի նախագահի քաղաքական անցյալը, որը նախկինում հանդիսացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։






































