Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։
Պատգամավորն այս պրակտիկան անվանել է օրենքի կոպտագույն խախտում, որը լի է ծանր քրեական հետևանքներով։ Նա հավելել է, որ «Նիկոլը բոլորին փորձում է իր հանցագործություններին մեղսակից դարձնել»։
Բացի այդ, մեկնաբանելով մամուլի այն տեղեկությունները, թե իրավապահները սահմանափակել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից մեկնելու իրավունքը, ինչպես նաև օդանավակայանի անձնագրային հսկողության կետից կադրերի հրապարակումը, պատգամավորը հայտնել է, որ պատգամավորական հարցում է ուղղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։
Մանուկյանը պահանջել է պարզել, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։
Պատգամավորն ընդգծել է, որ իր հարցադրումները թերևս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է «Նիկոլի իշխանությանը և կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն»։
Նա հավելել է, որ նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում է Ազգային անվտանգության ծառայությանը, և բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել է այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում են իշխանական քարոզչամեքենայի ձեռքում։
Մանուկյանի դիմումները՝ ԱԱԾ տնօրենին


Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները սահմանափակում են հանրապետություն ժամանող քաղաքացիների ելքը երկրից՝ նրանց վարժական հավաքների մասին ծանուցագրեր հանձնելուց հետո։
Նա պնդում էր, որ նման սահմանափակումները կիրառվում են մինչև որևէ քրեական վարույթի հարուցումը և հակասում են օրենսդրությանը։
Մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։
Կարդացեք նաև՝
Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել





































