Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 12-ին ձերբակալված ռուսաստանցի բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկուն ազատ են արձակել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ հղում անելով փաստաբան Վաչե Սիմոնյանին։
Իրավաբանի խոսքով՝ դա նշանակում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները նրա ձերբակալման վերաբերյալ հարցում չեն ուղարկել Հայաստանի դատախազություն։
Միևնույն ժամանակ, փաստաբանի խոսքով, Վերբիցկին չի կարող լքել Հայաստանը։ Իրավաբանը նշել է, որ պատճառը նրա՝ ռուսական հետախուզման մեջ գտնվելն է։
Վերբիցկին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ստիպված է մնալ Հայաստանում։
Ավելի վաղ գիտնականի ձերբակալության մասին հայտնել էր РБК-ն՝ հղում անելով Երևանի օդանավակայանի ոստիկանության բաժնին։
2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանում Վերբիցկու դեմ քրեական գործ էր հարուցվել ահաբեկչության կոչերի հոդվածով։ Նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։ 2025 թվականի սկզբին մաթեմատիկոսը հետախուզման մեջ էր հայտարարվել և ընդգրկվել ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։
Վերբիցկին երկար ժամանակ դասավանդել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Նա քննադատել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը և որպես Բրազիլիայի Մաքուր և կիրառական մաթեմատիկայի ազգային ինստիտուտի (IMPA) աշխատակից ստորագրել գիտնականների բաց նամակը ռազմական գործողությունների դեմ։






































