Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը, հայտնում է Ա1+-ը։
Նշվում է, որ բողոք ներկայացրել էր դատախազությունը՝ չընդունելով արդարացման դատավճիռը։
2024թ. օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 74-ամյա արցախցի Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։
Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել խնձոր նետելու միջադեպի համար, իսկ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով (ազատազրկման առավելագույն ժամկետը՝ 2 տարի): Ապրիլի 11-ին դատարանն արդարացրել էր նրան՝ գտնելով, որ նրա գործողությունների մեջ չկան խուլիգանության տարրեր։ Դատախազությունն օգոստոսին բողոքարկել էր Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը և Վերաքննիչ քրեական դատարանն արդարացման վճիռ էին կայացրել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար խուլիգանության մեջ մեղադրվող Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։






































