ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծումը և Հայաստանի իշխանություններից ակնկալել տեղի ունեցածի հստակ գնահատական։
«Խոր վրդովմունքով ենք ընդունել Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին տեղեկությունները։ Այս սրբապղծական ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակը պղծելու փորձի մասին է»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում։
Դեսպանատունը նշել է նաև, որ տեսնում է տեղի ունեցածի նկատմամբ Գյումրու քաղաքային իշխանությունների և հանրության կտրուկ բացասական վերաբերմունքը։
«Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ գնահատականը, ինչպես նաև սպառիչ միջոցների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար»,- հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությանը, հայտնել էին, որ անհայտ անձինք պոկել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում տեղադրված խորհրդային քաղաք-հերոսների անվանումներով ցուցանակները։
Գյումրու քաղաքապետարանը դատապարտել էր միջադեպը՝ նշելով, որ այն «ոչ միայն գույքի վնասում է, այլև ոտնձգություն Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հայերի հիշատակի նկատմամբ»։



































