Ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանը Ռուսաստան վերադառնալիս ՀՀ-ում ձերբակալվել է։ Սահակյանի խոսքով՝ նա ժամանակել էր Երևան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շանհազարյանը հայտնել է, որ Սահակյանն իր ձերբակալության մասին իրեն հայտնել է Հայաստանից հեռանալ պատրաստվելիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում։
Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Սահակյանը համացանցում տարածված հարցազրույցի մասնակիցն է։ Նա լրագրողին ասել էր, որ քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «երեխաների հետ չմնան բարդություններին»։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է, որ Սահակյանին ձերբակելել են ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդման հիմքով։ ՔԿ-ում չեն մանրամասնել հաղորդման բնույթը, միայն նշել են, որ Սահակյանը, «տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին»։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը, պատիժն ազատազրկում՝ մինչև մեկ ամիս ժամկետով-խմբ․):
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հավելել են, որ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՄԻՊ թեժ գծին փաստաբանի կողմից ահազանգ են ստացել այն մասին, որ նույն օրը օդանավակայանում ձերբակալված Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։
ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ ահազանգից հետո ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ և պարզել, որ նրան տեղափոխել են ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։ Հունիսի 8-ի վաղ առավոտյան ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Սահակյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնցիցի մի քանիսը, ՄԻՊ-ի փոխանցմամբ, լուծում են ստացել։
Մելիք-Շանհազարյանը հավելել է, որ Սահակյանին ճանաչում է ավելի քան տասը տարի։
«Եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈւ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։ Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին»,- ասել է քաղաքագետը։
Նա նաև տեղեկացրել է, որ Սահակյանը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում Հայաստանում։
«Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է»,- հռետորական հարց է տվել քաղաքագետը։






































