«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է ընտրությունների նախնական արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք խայտառակ ընթացք են ունեցել։
Նա նշել է, որ իշխանություններն իրենց քաղաքական ուժի դեմ հատուկ գործողություններ են իրականացնում։ Դաշինքի առաջնորդի փոխանցմամբ՝ միայն ընտրությունների օրը կալանավորվել է իրենց 75 թիմակից, իսկ ընդհանուր առմամբ՝ կալանավորվածների թիվն անցնում է 700-ը։
«Պատմության մեջ չի գրանցվել դեպք, երբ ընտրությունների հաշվարկն ընդհատեն և ասեն, որ առավոտյան 9:00-ին կներկայացնեն արդյունքները»,- ասել է նա՝ սա բացատրելով արդյունքների նվազման՝ ի վնաս իշխանության։
Մեկնաբանելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի վերաբերյալ՝ Կարապետյանը վստահեցրել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, և աջակիցներին հորդորել է չմտահոգվել։
«Մի անհանգստացեք, իրենց ուզած հաղթանակը չեն ունենալու։ 30% տվյալներով հայտարարում են հաղթանակի մասին, բայց դա գյուղական վայրերի արդյունքներն են, իսկ քաղաքների հաշվարկից հետո արդյունքը կսկսի նվազել»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ իշխանությունները շարունակում են ճնշումներն իրենց քաղաքական ուժի նկատմամբ։
Նա շեշտել է, որ քաղաքական իրավիճակի և քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումն ու ամբողջական պատկերը կներկայացնեն առավոտյան՝ ճշգրիտ տվյալներն ունենալուց հետո։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն, սակայն ԿԸՀ-ն այդ պահի դրությամբ ամփոփել էր 2005 ընտրատեղամասից շուրջ 500-ի արդյունքները։



































