Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի մասին՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Միաժամանակ, նա հանդես է եկել կոշտ հայտարարություններով և սպառնացել «բանտ նստեցնել ընդդիմադիրներին»։
Փաշինյանի համոզմամբ՝ կուսակցությունը միայնակ կձևավորի կառավարություն։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու և քվեարկելու համար՝ նշելով, որ ՔՊ-ն 2021 թվականի ընտրությունների համեմատ ստացել է ավելի շատ ձայներ։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հաղթանակի մասին հայտարարում մինչև ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների հրապարակումը, նա նշել է, որ ՔՊ-ն բոլոր տեղամասերում ունի վստահված անձինք, տնօրինում է ընտրական հանձնաժողովների արձանագրություններին և իրականացրել է սեփական հաշվարկներ։
Մամուլի ասուլիսի անցկացման պահին Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել էր 2005 տեղամասերից մոտ 530-ի քվեարկության արդյունքները։ Այդ տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 51,1%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,31%, «Հայաստան» դաշինքը՝ 9,77%, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել էր ընտրողների 4,07%-ը։
Փաշինյանը հայտարարել է, որ հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդները պետք է «օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»։
Վարչապետը նաև բացառել է հետընտրական գործընթացները Հայաստանում։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարող նման իրադարձություններ նախաձեռնել, քանի որ դա հնարավոր է միայն իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում։ Նա նաև պնդել է, որ ընդդիմության ձայների զգալի մասն ստացվել է ընտրակաշառքի արդյունքում։
Փաշինյանը հայտարարել է, որ «ՀՀ ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, տարածաշրջանային բարգավաճման ու համագործակցության» և հույս հայտնել, որ Հայաստանը կինստիտուցիոնալացնի խաղաղությունն Ադրբեջանի հետ և կբացի Թուրքիայի հետ սահմանը։
Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթանակի դեպքում ՀՀ իշխանությունները կշարունակեն Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին և զարգացնելով հարաբերությունները Ռուսաստանի ու Միության մյուս անդամ երկրների հետ։
«Մենք, անշուշտ, կնպաստենք ԵԱՏՄ շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- հավելել է նա։
Պատասխանելով հարցին, թե քաղաքական գործիչներից ովքե՞ր են արդեն զանգահարել իրեն, Փաշինյանը հայտնել է, որ «ոչ պաշտոնական» զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությունն անցկացվել է հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Քվեարկությանը մասնակցել է 1 476 597 (ընտրություններում մասնակցության իրավունք ունեցողների 58,97%-ը) ընտրող։


































