Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ նախարարության՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին «տեղեկացվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Հայաստանում «հարթակ» տրամադրելու անընդունելիության մասին՝ ԵՄ-ի կողմից հովանավորվող վերջին միջոցառումների ժամանակ «Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու» համար։
Նախարարությունը շեշտել է, որ Մոսկվան «արդարացիորեն վրդովված է այս կապակցությամբ և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագծի պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում է անհամատեղելի հայ-ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթի հետ»։ Նախարարությունը նաև նշել է, որ դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի պնդումների մասին։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, Ուկրաինայի նախագահը, անդրադառնալով մայիսի 9-ի շքերթին, ի թիվս այլ հարցերի հայտարարել էր, որ «շքերթին կարող են թռչել նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»։ Հետագայում ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Զելենսկու խոսքերը «պարունակում են Մոսկվային հարվածելու սպառնալիքներ։






































