Իրանը ներկայացրել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների իր վերջին առաջարկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին և անանուն պակիստանցի պաշտոնյայի:
Ըստ պաշտոնյայի՝ Պակիստանը, որը միջնորդում է Իրան-ԱՄՆ բանակցությունները, առաջարկը ստացել է ապրիլի 30-ի ուշ երեկոյան և փոխանցել Վաշինգտոնին: Գործակալությունը նշում է, որ ո՛չ աղբյուրը, ո՛չ էլ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը չեն տրամադրել առաջարկի մանրամասները, իսկ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «բավարարված չէ» Իրանի կողմից գործարքի առաջարկներով:
«Նրանք խնդրում են մի բան, որի հետ ես չեմ կարող համաձայնվել»,- մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե հատկապես ի՞նչն է նրան դժգոհեցրել Թեհրանի արձագանքից:
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 30-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար և դատապարտված է ձախողման։

























