Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 5-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Լիխտեյնշտեյնի ընտրանուն, հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման հաշիվն արդեն 12-րդ րոպեին բացել է Անդրանիկ Երվանդյանը՝ առաջ մղելով հայ պատանիներին: Երկրորդ խաղակեսում մրցակցին հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը. 77-րդ րոպեին աչքի է ընել Էմանուել Վոլֆը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+7-րդ րոպեին, Երվանդյանն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով մեր ընտրանուն։
Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի այս խմբում՝ վաստակած 4 միավորով գրավելով երրորդ հորիզոնականը: Հաղթողի կոչումը 9 միավորով նվաճել է Հունգարիան, երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է, Լիխտենշտեյնն առանց միավորի վերջին տեղում է:






































