Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ ապրիլի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել է կազմակերպության հետ գործընկերության հարցերն ու դրա զարգացման հեռանկարները, հայտնել են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Փաշինյանը հայտարարել է դաշինքի հետ համագործակցության կարևորության մասին՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համատեքստում։ Նա ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության բարձրացման համար։
Իր հերթին՝ Համիլթոնը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի համար փոխշահավետ ուղղություններով։
Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, առկա մարտահրավերների և խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահություն է հայտնել, որ Համիլթոնի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակոխեն։
Ապրիլի 20-ին Համիլթոնին հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադարձ էր կատարվել գործակցության ներկայիս ընթացքին, արձանագրված արդյունքներին և զարգացման հնարավոր հեռանկարներին։





































